Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկա է եղել նոր՝ միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնի գլխավոր ուղղություններից է վահանագեղձի հիվանդությունների, մասնավորապես՝ չարորակ ուռուցքների ախտորոշումը և բուժումը: Բուժումն իրականացվելու է ռադիոակտիվ յոդի միջոցով՝ հատուկ կապարապատված հիվանդասենյակներում, եվրոպական չափորոշիչներին համապատասխան: Նոր կենտրոնն ունի մեկուսացված 4 հիվանդասենյակ. յուրաքանչյուր հիվանդասենյակ ունի առանձին կոյուղի, օդափոխման հատուկ համակարգ: Կենտրոնում միաժամանակ կարող է բուժվել 6 հիվանդ:
Վարչապետը կենտրոնի ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել ստեղծված պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը:
Կենտրոնն աշխատելու է ժամանակակից սարքավորումներով, այդ թվում՝ գերմանական SIEMENS ընկերության արտադրության գամմա-խցիկով (SPECT), որը աշխարհում միջուկային բժշկության մեջ կիրառվող նորագույն ախտորոշիչ սարք է: Այն հնարավորություն է տալիս հայտնաբերելու ոչ միայն վահանագեղձի, այլև մյուս օրգանների ուռուցքային հիվանդություններ, ինչպես նաև սրտանոթային և ոսկորային խնդիրներ: Հետազոտություններն իրականացվելու են ռադիոակտիվ իզոտոպներով:
Հաշվի առնելով բժշկության այս բնագավառի առանձնահատկությունները՝ բժիշկների կողքին աշխատելու են նաև հատուկ վերապատրաստված միջուկային ֆիզիկոսներ:
Կենտրոնը ղեկավարելու է ռադիոլոգ Նատալյա Շենգելիա-դե Լանգեն: