Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հետևում է Սիրիայում թուրքական բանակի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Cilicia TV ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Կամիշլիի առաջնորդական փոխանորդ Հայր սուրբի հետ։
«Մտահոգ ենք Կամիշլիի մեր ժողովրդի կացությամբ, հատկապես երբ գիտենք, որ մեր ժողովրդի թշնամին՝ ցեղասպան թուրքը, դարձյալ իր բարբարոսական արարքը կկատարի, ներխուժել է Սիրիայի ներս։ Մեզ հասնում են այնպիսի տեղեկություններ, որոնք ևս մեկ անգամ ցույց են տալիս Թուրքիայի նկարագիրը, Թուրքիայի վերաբերմունքը սիրիացի ժողովրդի նկատմամբ»,- ասել է Արամ Ա-ն։
Հայր Սուրբը հայտնել է, որ Կամիշլին ամեն կողմից ապահով է, որովհետև այստեղ պետական գրասենյակներ կան. ապահովության համար բոլոր դպրոցներն այսօր փակ են։