Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այսօր հանրային քննարկման է ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգին՝ ապահովելով վճարումների հասցեականությունը և էապես նվազեցնելով առկա ռիսկերը։
Սահմանված է, որ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Անկանխիկ կամ կանխիկ եղանակով են վճարվում նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարները, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարը։
Կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ ձեռք բերելու ծախսերը 2018 թ. կազմել են 1,439.1 մլն դրամ, որի հիմնական մասը` 1,329.7 մլն դրամը, կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերման մասով: Ծախսերի գերակշիռ մասն ուղղվում է կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերմանը:
Ըստ նախագծի սահմանվում է, որ գումարային այդ տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ բանկի հետ կնքվող` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն` յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար բանկին տրվում է ամսական 30 դրամ՝ անկախ վճարվող գումարի չափից, իսկ կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրով ծառայության վճարը նախատեսված է վճարվող գումարի 1 տոկոսի չափով:
Նախագծով նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարումները անկանխիկ եղանակով կատարելը: