Ստուգվելու են առևտրային ընկերություններին փոխանցված գումարների տնօրինման հանգամանքները:
Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման փաստով։ Քրեական գործի տվյալներով՝ 10 առևտրային ընկերություններ 2009-17թթ. Պաշտպանության նախարարության հետ կնքած պայմանագրերով ստանձնել են բանակին անհրաժեշտ ավելի քան տասը միլիարդ դրամի ապրանքների և սպառազինության մատակարարման պարտականություն: Սակայն մատակարարումները մինչ օրս չեն իրականացրել կամ տրամադրել են նախատեսվածից էժան, անորակ ապրանքներ։
Քրեական գործի առիթը վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի հայտնած տվյալներն են: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ պետությանը պատճառած վնասի ճշգրիտ չափը հաշվարկելու համար նշանակվելու են ստուգումներ և փորձաքննություններ: Ապօրինի գործարքներին մասնակցած անձանց և նրանց արարքներին տրվելու է քրեաիրավական գնահատական։