Դատախազությունը քրեական գործի հարուցումը նախաձեռնել է՝ պայմանավորված զուտ թեմայի հանրային հնչեղությամբ:
Հանրային հեռուստաընկերությունում առերևույթ չարաշահումների փաստերով Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել: Քրգործի հարուցման համար առիթ են համարվել լրատվամիջոցների հրապարակումները: Դրանք պետք է ուսումնասիրվեն: Որպես առերևույթ չարաշահումներ դիտարկվել են Ֆինանսների նախարարության տեսչական ստուգումների արդյունքում ի հայտ եկած և հետագայում շտկված խախտումները: Խոսքը նույն այն խախտումների մասին է, որոնց շուրջ մի շարք պարզաբանումներ են տրվել ինչպես զանգվածային լրատվամիջոցներում, այնպես էլ ԱԺ-ում՝ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ: Նախաքննությունը հանձնարարվել է քննչական կոմիտեին:
Դատախազության որոշմանն անդրադարձել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը՝ որոշ ձևակերպումներ որակելով ոչ կոռեկտ և չհիմնավորված:
«Դատախազության իրավունքն է՝ հաշվի չառնելով Ֆինանսների նախարարության եզրակացությունը, ԱԺ-ում կայացած քննարկումների արդյունքները և մամուլում հնչեցված մի շարք պարզաբանումները՝ սեփական կարծիքն ունենալ յուրաքանչյուր իրավիճակի մասին:
Այնուամենայնիվ, քրեական գործ հարուցելու որոշումը զարմանալի էր, իսկ որոշման մեջ տեղ գտած ձևակերպումները՝ ոչ կոռեկտ և չհիմնավորված: Դա թույլ է տալիս ենթադրել, որ դատախազությունը քրեական գործի հարուցումը նախաձեռնել է՝ պայմանավորված ո՛չ թե դրա անհրաժեշտությամբ, այլ զուտ թեմայի հանրային հնչեղությամբ: Բայց նաև ուզում ենք հավատալ, որ այս գործընթացի շարունակությունը ժառանգած Քննչական կոմիտեն զերծ կմնա հանրությանը հաճոյանալուց և նախաքննությունը կիրականացնի անաչառ: Սա առաջին հերթին Հանրային հեռուստաընկերության ցանկությունն է, և մենք մեր կողմից հայտնում ենք այս ուղղությամբ լիարժեք աջակցության պատրաստակամություն»: